2016թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ին Մոդուս վիվենդի կենտրոնում (Ագաթանգեղոսի 2, հեռ. 060-52-19-20) տեղի կունենա.
ԿԱՐՍԻ ՄԱՐԶԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ
(ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ.)
ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
գրքի շնորհանդեսը:
Գիրքը Մոդուս վիվենդի կենտրոնի կողմից հրատարակվող հնավանդ գրքերի և վավերագրերի մատենաշարի երրորդ (Գ) հատորն է և հրատարակության է պատրաստվել աշխատասիրությամբ
Վլադիմիր Հարությունյանի:
Այն պարունակում է նշված պատմական շրջանի՝ Կարսի մարզին վերաբերող շուրջ 150 փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվից, ի թիվս որոնց, նաև հատվածներ այդ ժամանակաշրջանում մարզի քաղաքացիական նահանգապետ Ստեփան Ղորղանյանի (1865-1925 թթ.) 1922թ. գրված հուշերից: Ընթերցողին ներկայացվող արխիվային նյութերը որոշակի լույս են սփռում այդ օրերին հայ հասարակությունում և, մասնավորապես, Կարսի մարզում և այնտեղ տեղակայված հայկական բանակի զորախմբում տիրող այն իրավիճակի վրա, որն ի վերջո հանգեցրեց 1920թ. հոկտեմբերին առանց փաստացի դիմադրության Կարսի հանձնմանը քեմալական զորքին:
Գիրքը նվիրված է Ստեփան Ղորղանյանի 150-ամյակին, ուստի շնորհանդեսին սիրով հրավիրվում են նաև Առաջին Հանրապետության հայտնի պետական գործչի ժառանգները և Ղորղանյանների տոհմի մյուս ներկայացուցիչները: