ՄԱԿ կամ ԱՀԿ կողմից սահմանների ճանաչման և նման բաների մասին

Printer-friendly versionPrinter-friendly version
ՄԱԿ կամ ԱՀԿ կողմից սահմանների ճանաչման և նման բաների մասին
 
Ս.թ. մայիսի 29-ին Աստանայում, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնարար փաստաթղթերի ստորագրման ժամանակ, Ղազախստանի նախագահ Նազարբաևը ասել է հետևյալը. «Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակը, որ Հայաստանը ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) անդամակցել է վերապահումով, [հետևաբար ԵԱՏՄ] դրույթները պիտի տարածվեն Հայաստանի տարածքի վրա՝ նրա միջազգային սահմանների շրջանակում՝ ճանաչված ՄԱԿ-ի կողմից, ինչպես ԱՀԿ դեպքում: Սա քննարկման համար:» («Мы получили письмо президента Азербайджана, что в ВТО Армения вступила с оговоркой, что положения должны распространяться на территорию Армении в рамках ее международных границ, признанных ООН, как в ВТО. Это для обсуждения», — сказал президент Казахстана, передает РИА Новости.)
Այս մի քանի տողի մեջ Ղազախստանի նախագահը թույլ է տվել, մեղմ ասած, երկու էական անճշտություն, որոնք ամբողջովին հիմնազուրկ են դարձնում իր ասածը: 
 Առաջինը «ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների» մասին է: 
Նման պնդում անելու համար առնվազն անհրաժեշտ է վկայակոչել ՄԱԿ-ի կանոնադրության այն հոդվածը, որով նախատեսված է նման դրույթ: Դա չի արվում, որովհետև նման բան բնավ չկա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Երբ անհատը կամ պետությունն անդամակցում են որևէ կազմակերպության, նրանք ստանձնում են միայն տվյալ կազմակերպության հիմնադիր փաստաթղթ/եր/ում ամրագրված պարտավորություններն ու իրավունքները: Հարցի համառոտ քննությունը ցույց է տալիս, որ անդամակցությունը ՄԱԿ-ին չունի ընդհանրապես ճանաչման, ուր մնաց՝ սահմանների ճանաչման որևէ գործառույթ և իրավական հետևանք: Անդամակցումը ՄԱԿ-ին, կամ իրավական տեսանկյունից ավելի գրագետ՝ ՄԱԿ-ում ներկայացված լինելը, և պետության կամ կառավարության ճանաչումը, էլ չեմ խոսում սահմանների ճանաչումը տարբեր գործողություններ են՝ իրարից էապես տարբեր իրավական հիմքերով և հետևանքներով:
Խոսքերս հաստատելու համար վկայակոչեմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը: Դեռևս 1950թ. մարտի 8-ին ՄԱԿ-ի այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարը՝ Թրիգվի Լիին (Trygve Lie) պաշտոնական նամակով և առդիր 5-էջանոց հուշագրով անդրադարձել է տվյալ հարցին, տվել սպառիչ պարզաբանում. «ՄԱԿ-ին անդամակցելը չունի որևէ ճանաչման իրավական հետևանք:» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնական նամակի հենց սկզբում միանշանակ արձանագրում է, որ ճանաչման հարցը ՄԱԿ-ի անդամակցության հարցի հետ կապելը «չարաբաստիկ է գործնական և սխալ է իրավական տեսության առումներով»: (unfortunate from the practical standpoint, and wrong from the standpoint of legal theory) Նշյալ պարզաբանումը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ S/1466 գրություն՝ «Հուշագիր ՄԱԿ-ում ներկայացված լինելու խնդրի իրավական հարցերի վերաբերյալ» (United Nations Security Council, Memorandum on the Legal Aspects of the Problem of Representation in the United Nations, General, S/1466, 9 March 1950) վերնագրով հրապարակվել է հաջորդ օրը՝ 1950թ. մարտի 9-ին, այսինքն՝ դրան տրվել է ՄԱԿ-ի շրջանակում հնարավոր ամենաբարձր իրավական կարգավիճակը: 
Ի դեպ. ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ ընդհանրապես հիշատակված չէ «սահման» բառը: Իսկ եթե չկա «սահման» բառը, ի՞նչ խոսք կարող է լինել պետության սահմանների ճանաչման, ընդունման, հաստատման կամ ամրագրման մասին: 
Երկրորդ անճշտությունն այն է, որ իբր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելիս եղել է վերապահություն, ըստ որի ԱՀԿ դրույթները «տարածվում են Հայաստանի տարածքի վրա՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակում»
Վերը տեսանք, որ ՄԱԿ-ը չունի սահմաններ ճանաչելու իրավասություն և գործառույթ, մինչևիսկ «սահման» բառը հիշատակված չէ նրա կանոնակարգի մեջ: Հիմա ԱՀԿ Հայաստանի անդամակցության մասին:
Հայաստանի Հանարպետությունը անդամակցել է ԱՀԿ-ին 2003թ. փետրվարի 3-ին: Նախ՝ 26.11.2002թ., ներկայացվել է Աշխատանքային խմբի զեկույցը (Report of the Working Party on the Accession if the Republic of Armenia, WT/ACC/ARM/23), ապա` հավելվածները, իսկ 2002թ. դեկտեմբերի 10-ին համապատասխան արձանագրությամբ (Protocol on the a Accession of the Republic of Armenia) ԱՀԿ Ընդհանուր խորհուրդը (General Council) տվել է իր համաձայնությունը (WT/L/506) ՀՀ անդամակցության: Համապատասխան ընթացակարգից հետո Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ԱՀԿ-ին, ինչպես նշել էինք վերը, 2003թ. փետրվարի 3-ին: 
Այսպիսով, ԱՀԿ ՀՀ անդամակացության հիմնարար փաստաթուղթn անդամակցության արձանագրությունն է: Եվ դարձյալ, ի հակադրություն պրն. Նազարբաևի ասածի, այստեղ որևէ վկայություն չկա սահմանների ճանաչման մասին: Ավելին, արձանագրության մեջ ոչ մի անգամ չի հիշատակված «սահման» բառը: Նախապատրաստական և առդիր փաստաթղթերում մի տասնյակի չափ հիշատակվում է «սահման» բառը՝ «մաքսային սահման», «սահմանամերձ տարածք», «սահմանային միջոցառումներ» բառակապակցությունների մեջ: Սակայն ոչ մի անգամ այն մոտ չի գալիս «սահմանների ճանաչմանը»: 

Ամփոփում. Ոչ ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ և ոչ էլ ԱՀԿ ՀՀ անդամակցության արձանագրության մեջ ոչ մի խոսք չկա «սահմանների ճանաչման» մասին: Ալիևն իր նամակով լիակատար մոլորության մեջ է գցել Նազարբաևին: 

Արա Պապյան 
Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահ 
30 մայիսի, 2014թ.