Կրկին ՄԱԿ-ին անդամակցելու և սահմանների ճանաչման մասին

Printer-friendly versionPrinter-friendly version
Կրկին ՄԱԿ-ին անդամակցելու և սահմանների ճանաչման մասին

Չարաբաստիկ զույգ արձանագրությունների հրապարակումը առիթ հանդիսացավ, որ իրենց քաղաքագետ համարող լրագրողներից ոմանք սկսեն մտքեր արտահայտել մինչևիսկ միջազգային իրավունքի մասին: Մտքեր, որոնք բնավ չեն հիմնավորվում որևէ փաստաթղթի վկայակոչմամբ, սակայն ունեն անվերապահ դատողության երանգ: 
Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ ստիպված եմ անդրադառնալ օրերս հնչած մի դատողության, որն իհարկե նոր չէ հայկական, այսպես կոչված, քաղաքական մտքի դաշտի համար: Վերջերս առիթ ունեցա կարդալու հետևյալը. «Իրականության մեջ, երբ Հայաստանը դարձավ անկախ և դարձավ ՄԱԿ-ի անդամ, նա պարզապես ճանաչեց այսօրվա սահմաններր»: (Но на самом деле, когда Армения стала независимой и стала членом ООН, то она просто признала сегодняшние границы.) 
Նախ ասեմ, որ միջպետական հարաբերություններում պարզապես (просто) ոչինչ տեղի չի ունենում: Որոշակի իրավական հետևանքներ կարող են առաջացնել միայն համապատասխան իրավական ձևակերպում պարունակող օրինական փաստաթղթերը: Առավել ևս, երբ հարցը վերաբերում է սահմաններին: Անկախության հռչակումը, անկախության ճանաչումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, անդամակցությունը ՄԱԿ-ին բնավ կապ չունեն սահմանների հետ: Սահմանները հաստատվում, ճշգրտվում և փոփոխության են ենթարկվում միմիայն որոշակի իրավական գործընթացով և միջազգային իրավունքի համապատասխան գործիքով (instrument of international law): Զուտ իրավական տեսանկյունից սահմանը գոյություն չունի, քանի դեռ չկա դրա մասին համապատասխան միջպետական պայմանագիր, այսինքն՝ սահմանի նկարագրական մասը պարունակող և առդիր քարտեզներ ունեցողօրինական փաստաթուղթ: Տրոհված պետության (իմա՝ ԽՍՀՄ) ներպետական վարչատարածքային նախկին բաժանարար գծերը չեն կարող միջպետական սահմանների համար օրինական հիմք հանդիսանալ:
«Իրականության մեջ» ՀՀ անկախացումը միայն մեկ իրավական հետևանք է ունեցել՝ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը դարձել է իր ներկա տարածքում գոյություն ունեցած նախորդ պետական միավորի, այն է 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետության, իրավահաջորդը: Բնականաբար, եթե կան օրինական պայմանագրեր, որոնք իրավականորեն ամրագրած են եղել նախորդ պետականության սահմանները, ուրեմն իրավահաջորդը ժառանգել է նաև այդ սահմանները: Եթե ոչ, ուրեմն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա ցանկալի է, որ ամրագրի այդ սահմանները:
Հիմա մի քանի խոսք ՄԱԿ-ին անդամակցելու ճանապարհով սահմանները «просто» (պարզապես) ճանաչելու մասին: 
Նման պնդում անելու համար առնվազն անհրաժեշտ է վկայակոչել ՄԱԿ-ի կանոնադրության այն հոդվածը, որով նախատեսված է նման դրույթ: Դա չի արվում, որովհետև նման բան բնավ չկա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Երբ անհատը կամ պետությունն անդամակցում են որևէ կազմակերպության, նրանք ստանձնում են միայն տվյալ կազմակերպության հիմնադիր փաստաթղթ/եր/ում ամրագրված պարտավորություններն ու իրավունքները: Ոչինչ դրանից ավել, ոչինչ դրանից պակաս:
Հարցի համառոտ քննությունը ցույց է տալիս, որ անդամակցությունը ՄԱԿ-ին չունի ընդհանրապես ճանաչման, ուր մնաց՝ սահմանների ճանաչման որևէ գործառույթ և իրավական հետևանք: Անդամակցումը ՄԱԿ-ին, կամ իրավական տեսանկյունից ավելի գրագետ՝ ՄԱԿ-ում ներկայացված լինելը, և պետության կամ կառավարության ճանաչումը, էլ չեմ խոսում սահմանների ճանաչումը տարբեր գործողություններ են՝ իրարից էապես տարբեր իրավական հիմքերով և հետևանքներով:
Խոսքերս հաստատելու համար վկայակոչեմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը: Դեռևս 1950թ. մարտի 8-ին ՄԱԿ-ի այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարը՝ Թրիգվի Լիին (Trygve Lie) պաշտոնական նամակով և առդիր 5-էջանոց հուշագրով անդրադարձել է տվյալ հարցին, տվել սպառիչ պարզաբանում. ՄԱԿ-ին անդամակցելը չունի որևէ ճանաչման իրավական հետևանք: 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնական նամակի հենց սկզբում միանշանակ արձանագրում է, որ ճանաչման հարցը ՄԱԿ-ի անդամակցության հարցի հետ կապելը «չարաբաստիկ է գործնական և սխալ է իրավական տեսության առումներով»:
Նշյալ պարզաբանումը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ S/1466 գրություն՝ «Հուշագիր ՄԱԿ-ում ներկայացված լինելու խնդրի իրավական հարցերի վերաբերյալ» (United Nations Security Council, Memorandum on the Legal Aspects of the Problem of Representation in the United Nations, General, S/1466, 9 March 1950) վերնագրով հրապարակվել է հաջորդ օրը՝ 1950թ. մարտի 9-ին, այսինքն՝ դրան տրվել է ՄԱԿ-ի շրջանակում հնարավոր ամենաբարձր իրավական կարգավիճակը:
Հուշագիրը նաև վերահաստատել է միջազգային հանրային իրավունքի մեջ հնուց ի վեր գոյություն ունեցող այն հիմնադրույթը, որ «Նոր պետության կամ գոյություն ունեցող պետության նոր կառավարության ճանաչումը միակողմանի գործողություն է, որը ճանաչող կառավարությունը կարող է շնորհել կամ մերժել»: Այսինքն՝ պետության ճանաչումը ՄԱԿ-ին անդամակցելու նախապայման է և ոչ թե հետևանք: Դրա վկայությունն է նաև այն, որ այսօր էլ ՄԱԿ-ում ներկայացված են երկրներ, որոնք չունեն փոխադարձ ճանաչում: 
Ակնհայտ է, որ եթե անդամակցումը ՄԱԿ-ին ընդհանրապես չունի ճանաչման գործառույթ և չի առաջացնում ճանաչման որևէ իրավական հետևանք, ապա ինչպե՞ս կարող է նույն գործողությունը ճանաչել կամ չճանաչել պետությունների սահմանները: 

Արա Պապյան,
09 սեպտեմբերի, 2009թ.